Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունցեող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց

Մեր մասին

Դպրոցը միակն է իր առանձնահատկությամբ, որտեղ ուսուցումը կազմակերպվում է բրայլյան համակարգով: Դպրոցում սովորում են տեսողության տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող և մնացորդային տեսողությամբ երեխաներ ՀՀ տարբեր մարզերից և ԼՂՀ-ից: Դպրոցի գոյության տարիների ընթացքում շրջանավարտներից շատերը կարողացել են ստացած գիտելիքների և դաստիարակության շնորհիվ գտնել իրենց տեղը հասարակության մեջ` հասնելով հաջողությունների գիտության տարբեր ոլորտներում: Դպրոցը սոսկ կրթարան չէ, այլ ամենից առաջ չտեսնող մանուկների 12 տարվա ապահով գոյության և հետաքրքիր ու բովանդակալից կյանք տվող հաստատություն: Դպրոցում գործում են ստեղծագործական տարբեր խմբակներ` նկարչության, ձեռագործության, երգի, դաշնամուրի, պարի, քանոնի, ջութակի, որոնց առկայությունը թույլ է տալիս աշակերտներին սերտորեն շփվել արվեստի տարբեր բնագավառների հետ: Դպրոցը տալիս է նաև մասնագիտական կրթություն: Սաները ստանում են մերսողի որակավորում և համակարգչից օգտվելու կարողություններ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով հատուկ չտեսնողների համար նախատեսված «Արև» ծրագրով գործում է համակարգչային դասարան, ինչը երեխաներին ավելի լայն հնարավորություններ է ընձեռում հասարակության մեջ ինտեգրվելու և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու համար: Դպրոցում կազմակերպվում են առարկայական և տոնական միջոցառումներ, մեծ կարևորություն է տրվում անհատական-շտկողական դասերին, լոգոպեդական պարապմունքներին, հոգեբանական աշխատանքներին: Դպրոցի սաները ակտիվորեն մասնակցում են հանրապետական առարկայական օլիմպիադաներին` արժանանալով գովասանագրերի և առաջին կարգի դիպլոմների: Կազմակերպվում է ամենամյա գարնանային և աշնանային աչքի վիտամինային բուժական պրոցեդուրաներ: Դպրոցն ապահովում է ամենօրյա չորս անգամյա սնունդ: Դպրոցն ունի լոկալ կաթսայատուն, որը հնարավորություն է տալիս ջեռուցել ամբողջ շենքը և ապահովել մշտական տաք ջրով: Դպրոցի բակում տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար կառուցվում է նրանց առանձնահատկությանը համապատասխան խաղահրապարակ: Երեխաները ստանում են հանրակրթական դպրոցի համար նախատեսված գիտելիքներ և հասունության ատեստատ, ինչը հնարավորություն է ընձեռում շրջանավարտներին ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ: Այսօր տարբեր ԲՈւՀ-երում գերազանց առաջադիմությամբ ընդունվել և սովորում են մեր դպրոցի շրջանավարտները:
Դպրոցի ողջ աշխատակազմը մեծ հոգատարություն է ցուցաբերում երեխաների նկատմամբ և ջանք չի խնայում նրանց առօրյան հետաքրքիր դարձնելու համար:
Դպրոցի մանկավարժները պարբերաբար մասնակցում են կազմակերպվող տարբեր վերապատրաստման դասընթացների, որոնցից վերջինը եղել է ՀՀ ԿԳ նախարարության Կրթության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված դասընթացները` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցման ժամանակակից մեթոդների և անհատական ուսուցման չափորոշիչների և ծրագրերի վերաբերյալ:
Դպրոցը լիցենզավորվել է 2008թ. , իրավունք ունի տալ տարրական, հիմնական ընդհանուր և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրերով առկա ուսուցում: Դպրոցը սերտ կապերի ունի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ- ի հատուկ մանկավարժության ամբիոնի հետ և ունի ամբիոնի տիֆլոմանկավարժության մասնաճյուղը դպրոցում:
Դպրոցը լույս է ընծայում «Արձագանք» ամսաթերթը, որում արծածվում է դպրոցի առօրյան, տպագրվում են տարբեր տեսակի հետաքրքրաշարժ հոդվածներ և նյութեր: Դպրոցը կարող է դառնալ ռեսուրսմեթոդ կենտրոն` հանրակրթական ներառական դպրոցների մանկավարժներին մեթոդական և պրակտիկ օգնություն ցույց տալով` տեսողության խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատելու հարցերում:
Դպրոցի տնօրենի և հատուկ կրթություն ստացած մանկավարժների կողմից լույս է տեսել «Բրայլյան համակարգի ուսուցման ուսումնամեթոդական» ձեռնարկ:
2000թ.-ից դպրոցը հանդիսանում է ICEVI կույրերի միջազգային կազմակերպության անդամ, բազմիցս մասնակցել է նրանց կողմից կազմակերպվող տարբեր երկրներում անցկացվող կոնֆերանսների:
Պատմություն
1938թ. Կույրերի միավորումում միտք հղացավ և կազմակերպեց Հայաստանում կույր մանուկների կրթության և դաստիարակության գործը: 7- ամյա գիշերօթիկ դպրոցը իր գործունեությունը սկսեց 1939թ. ապրիլի 29-ից: Դպրոցը 7-ամյա ծրագրով գործել է մինչև 1954թ., որից հետո Լուսավորության մինիստրության կողմից մտցվել է 10-ամյա միջնակարգ կրթությունը:
1961թ. դպրոցը տեղափոխվել է Հայաստանի Կույրերի Արաբկիրի բնակելի ուսումնաարտադրական համալիրի տարածքում կառուցված նոր հարմարավետ քառահարկ շենք, որն այսօր ունի բարեկեցիկ պայմաններ.
դասասենյակներ
ննջարաններ
խաղասենյակներ
գրականությամբ հարուստ գրադարան, որը ապահովված է սարքավորումներով, կույր և տեսողության խանգարումներով սաների ընթերցանությունը արդյունավետ դարձնելու համար,
դահլիճ, որտեղ կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ,
սպորտ դահլիճ
ճաշարան` 4 – անգամյա սննդով,
լվացքատուն
լոգարաններ` ապահովված տաք և սառը ջրով,
բուժկետ, ատամնաբուժարան, որտեղ աշխատում են մասնագետներ` ակնաբույժ, թերապևտ, ատամնաբույժ, բուժքույր` շուրջօրյա հերթապահությամբ,
USAID- ի ֆինանսավորմամբ` ՀՕՖ-ի ծրագրով դպրոցի շենքը կապիտալ վերանորոգվել է և համապատասխանեցվել ժամանակակից պահանջներին, կառուցվել է լոկալ կաթսայատուն, որը հնարավորություն է տալիս ջեռուցել շենքը և ապահովել մշտական տաք ջրով,
դպրոցի բակում կառուցվել է խաղահրապարակ:
Երևանի խորհրդի 07.05.2008թ. հ.8/1 որոշման համաձայն «Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հ. 14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ն անվանակոչվել է երգահան, արվեստագետ Նիկողայոս Տիգրանյանի անվամբ, այժմ կոչվում է «Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հ. 14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ: